Մամուլի հաղորդագրություն
Ավելի քան 20 մտավորականի կողմից ստեղծված «Հայոց տուն» համահայկական, ապակուսակցական նախաձեռնությունն այսօր մեկնարկեց իր գործունեությունը։ Նախաձեռնության հիմքում հայկական մտավոր ու գիտական ողջ ներուժի համախմբման անհրաժեշտությունն է, հայկական ընտրանու ձևավորումը, որը թույլ կտա ապահովել հայոց պետականության կայունությունն ու հարատևությունը։
Նախաձեռնությանն իր ողջույնի խոսքն էր հղել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։ Նրա ուղերձը ներկայացրեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Վրթանես եպս․ Աբրահամյանը։
«Մեր պատկերացմամբ Հայոց Տունը, հենց այն տունն է, որտեղ պետք է ապրեն հայ մարդիկ: Ապրեն այդ տան մեջ, բայց ոչ սոսկ ապրեն, այլ շատ կարևոր է, որ նրանք «Հայոց տան» գաղափարը կրեն նաև իրենց մեջ, իրենց հոգում ու սրտում, իրենց գիտակցության մեջ»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը։
«Հայոց տան» հասկացությունն առկա է վաղուց, մասնավորապես Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը» ներկայացնում է դրա բոլոր բաղկացուցիչները։ Այս հարցին ու հայոց մտավոր ընտրանու ձևավորման կարևորությանն անդրադարձավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պարոն Աշոտ Մելքոնյանը։ Համահայկականության գաղափարը, որը ներկայացված է «Հայոց տան» ուղերձում, շեշտադրված էր նաև Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Կարապետյանի ելույթում, որն էլ ընթերցեց ուղերձը։ «Մենք ունենք այն ներուժը, համահայկական ու աշխարհասփյուռ ներուժը, որը մեզ հնարավորություն կտա ստեղծել իրապես ազգային, ուժեղ պետականություն»,- ասաց նա։
«Հայոց տուն» նախաձեռնության նպատակների, անելիքների և բնույթի մասին ելույթ ունեցավ նաև Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։ Պրոֆեսորը ներկայացրեց նախաձեռնության «սենյակները», որոնք ուղղված են լինելու՝ անվտանգության, տնտեսության, ինքնության պահպանության, մշակույթի, երիտասարդության ներուժի զարգացման, մեր կյանքի բոլոր ոլորտներին առնչվող ուղղությունների ռազմավարությունները, մոտեցումները, որոնք էլ «կսնեն» հասարակության «առողջ բջիջները»։
«Որպես բժիշկ, ես կարող եմ միայն հոգատարությամբ ու բժշկելու ցանկությամբ ասել, որ մեր հասարակությունը բժշկման, առողջացման կարիք ունի։ Իսկ առողջացնել հնարավոր է, քանի որ մեր հասարակության, մեր համասփյուռ ազգի մեջ շատ են առողջ բջիջները։ Դրանք պարզապես պետք է համախմբել, համախմբելով ուժ հաղորդել։ Իսկ դա կարող է անել միայն ընտրանին՝ սիրո և ազգային համերաշխության մթնոլորտում՝ ի փառս Հայաստանի և հայ ազգի»,- ասաց պրոֆեսորը։ Ելույթ ունեցավ նաև դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը։
«Ամեն մի հայ պետք է գերլարի իր ուժերը, որպեսզի մենք պահպանենք մեր ինքնությունը և պետականությունը, և «Հայոց տունը» այն տանիքն է, որի ներքո յուրաքանչյուրս անելիք ունենք»,- ասաց նա։ Գործարար-գյուղատնտես Հարություն Մնացականյանն՝ իր ելույթում շեշտեց․
« «Հայոց տունը» կլինի այլընտրանք և զսպաշապիկ բոլոր այն բացասական երևույթների դեմ, որոնց մասին բոլորս խոսում ենք»։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով էլ՝ «Հայոց տունը» կնպաստի սիրո ու եղբայրության մթնոլորտի ձևավորմանը՝ լուծելով ազգի առաջ ծառացած մեծ ու փոքր խնդիրները։ Առաջիկայում «Հայոց տունը» կներկայացնի իր անելիքները՝ ուղղված հայոց պետականության հզորացման երկարաժամկետ ծրագրերին։