ՈՒՂԵՐՁ
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ
Հայոց պետականությանը, ազգային ինքնությանը, հոգևոր և մշակութային արժեքներին սպառնացող մարտահրավերները, մասնավորապես՝
— Աշխարհակարգի սրընթաց փոխակերպումն ու աշխարհաքաղաքական հակամարտությունների աննախադեպ սաստկացումը,
— Արցախի բռնազավթումը, Հայաստանում ներքին հակասությունների խորացումը և բնակչության սոցիալական վիճակի հարաճուն վատթարացումը,
— Հոգևոր և ազգային ավանդական արժեքների անկումն ու հայկականության նահանջը,
— Երկրում քաղաքական համակարգի անկատարության համատեքստում կենսունակ գաղափարախոսության բացակայությունը,
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ
— Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ու Հայ ինքնությանը սպառնացող ներքին և արտաքին վտանգները հաղթահարելու հրամայականը,
— Հայ ժողովրդի անվտանգության ու հայոց պետականության կայացման առաջնահերթությունը,
— Հայության միավորման առաքելությունը կյանքի կոչելու նպատակով ազգային ընտրանու անհրաժեշտությունը,
ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ
— Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն հայության համախմբման ու ազգային ուժերի գերլարման շնորհիվ՝ միասնական նպատակի՝ Հայոց պետության զորացման և իրական համազգային շահերին ծառայող ՀԱՅԿԱԿԱՆ պետականության կայացման շուրջ,
— Համազգային խորքային ճգնաժամից հնարավոր է դուրս գալ միայն Ազգային ընտրանու համախմբման՝ Հայաստանի և սփյուռքի տարբեր բնագավառների փորձառու, կայացած և ազգային դիմագիծ ունեցող գործիչների անմիջական ներգրավման միջոցով՝
ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.
«Հայոց Տուն» համահայկական ՄԻԱՎՈՐՄԱՆ հիմնադրման մասին:
Հայոց Տուն-ը ապակուսակցական կառույց է՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ և փորձառու գործիչների ներգրավմամբ:
Հայոց Տուն—ը առաջնորդվելու է անմնացորդ հավատքով, ազգային արժեքներով ու հայ ոգեղեն ուժի հենասյուներով՝ Միասնությամբ, Համերաշխությամբ և Սիրով:
Հայոց Տուն-ը նախաձեռնելու է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգևոր, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների միավորումը՝ հայկական պետականության ու հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով:
Հայոց Տուն-ը նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի և հայ ազգի բարգավաճմանը:
Տիգրան Հեքեքյան — մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր
Արման Նուռ — դիզայներ, քանդակագործ, նկարիչ
Անդրանիկ Հակոբյան – Գրող, բանաստեղծ, ՀՀ ԶՈՒ գնդապետ
Միանալ ուղերձին